Նոյեմբերի 5

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը և սոցիալ–տնտեսական կյանքը

Կիլիկյան Հայաստանը եղել է զարգացած ավատատիրական պետություն: Նրա սոցիալ–տնտեսական կառույցները համադրում էին հայկական, արևմտաեվրոպական (խաչակրաց) և բյուզանդական ավատատիրական հարաբերություններին բնորոշ գծերը: Կիլիկյան Հայաստանի հասարակությունը ևս շերտավորված էր. բաղկացած էր քաղաքականապես ազատ և արտոնյալ ազատներից և իրավազուրկ ու հարկատու անազատներից:

Պետական կառավարման համակարգը (գործակալությունները)։ Կիլիկյան Հայաստանի կառավարման գերագույն մարմինը արքունիքն էր: Արքունիքի գլուխը սկզբնապես Հայոց իշխանն էր, իսկ թագավորության հռչակումից (1198 թ.) հետո՝ Հայոց թագավորը: Նա ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, օրենքներ ընդունելու, դրամներ հատելու, քաղաքներ կամ ամրոցներ հիմնելու և երկրի ներքին կյանքին առնչվող կարևորագույն հարցերը լուծելու իրավասություն:

Արքունիքում մեծ հեղինակություն ուներ տիկնանց տիկինը՝ թագուհին: Նա մասնակցում էր արքունի և իշխանական խորհրդի նիստերին: Թագուհին քաղաքական մեծ դեր ուներ հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքում:

Թագավորը երկիրը կառավարում էր արքունիքին կից գործակալությունների միջոցով, որոնցից մի քանիսը համապատասխանում էին Արշակունյաց և Բագրատունյաց թագավորությունների գործակալություններին: Կային նաև արևմտաեվրոպական ազդեցությամբ ստեղծված գործակալություններ, որոնք ունեին եվրոպական անվանումներ:

Պետության կառավարման գործերին հաճախ մասնակցում էին նաև կաթողիկոսն ու Սսի արքեպիսկոպոսը:

Հողատիրության ձևերը։ Կիլիկյան Հայաստանում ձևավորվեցին հողատիրության մի քանի տեսակներ: Ամենախոշոր ավատա տերը թագավորն էր: Նրան պատկանող հողերը, քաղաքներն ու բերդերը կոչվում էին արքունական կամ թագավորական: Կային նաև իշխանական տիրույթներ, որոնց իշխանները տիրում էին ժառանգաբար` սեփականության և օտարման իրավունքով: Այդպիսի հողերի տերերն անվանվում էին հայրենատեր–բերդատերեր: Մյուս տեսակը վանքապատկան հողատիրությունն էր, որը հիմնականում առաջանում էր նվիրատվությունների և գնման միջոցով: Կային նաև համայնական հողեր:

Առևտուրը և քաղաքները։ Կիլիկյան Հայաստանի բարենպաստ կլիման, պարարտ գետահովիտներն ու դաշտավայրերը նպաստել են գյուղատնտեսության զարգացմանը: Լեռնային խոտածածկ արոտավայրերը նպաստավոր էին անասնաբուծության համար:

Կիլիկյան հայկական թագավորությունը հայտնի էր նաև իր զանազան հանքատեսակներով: Առաջնակարգ նշանակություն ուներ հատկապես երկաթահանքերի շահագործումը: Ստաց ված երկաթի զգալի մասն արտահանվում էր:

XII–XIV դդ առանձնապես մեծ էր Կիլիկյան Հայաստանի դերը տարանցիկ առևտրում: Կիլիկիայի, Փոքր Ասիայի և Հայաստանի հայ վաճառականները, ինչպես Վենետիկի և Ջենովայի վաճառականները, ստանձնում են Եվրոպայի և Ասիայի միջև միջնորդի դերը: Ներմուծվող ապրանքներից էին զենքերը, զարդարանքները, մետաքսը, օճառը և այլն, իսկ արտահանվող ապրանքներից էին անտառանյութը, հացահատիկը, մրգերը, բուրդը, երկաթը, աղը, մորթեղենը և այն:

Առևտրին զարկ տալու համար կիլիկյան իշխանավորներն ու թագավորները դրամներ էին հատում արծաթից, պղնձից, իսկ առանձին դեպքերում՝ ոսկուց: Դրանք հիմնականում հայերեն գրերով էին:

Առևտուրը կենտրոնացած էր Տարսոն, Այաս, Մամեստիա, Սիս և այլ խոշոր քաղաքներում։ Այդ մարդաշատ քաղաքներում հատուկ թաղամասեր կային վաճառականների և արհեստավորների համար: Անգամ կային քաղաքներ (Այաս, Տարսոն, Մսիս և այլն), որտեղ օտարերկրացիներն իրենց թաղամասերն ունեին` ինքնավարության իրավունքով: Նրանք ունեին նաև իրենց սեփական եկեղեցիները, բաղնիքները, խանութները, շուկաներն ու դատարանները: Առևտուրը խթանելու նպատակով պետությունն առևտրական պայմանագրեր էր կնքում օտարերկրյա վաճառականների հետ: Վերջիններս իրավունք էին ստանում ազատ առևտուր անելու և անգամ անշարժ գույք ունենալու Կիլիկյան Հայաստանում:

Ընտանիք և ամուսնություն: Կիլիկյան Հայաստանում հատուկ վերաբերմունք կար ամուսնաընտանեկան հարաբերությունների նկատմամբ: Հեթում I-ի եղբայր Սմբատ Գունդստաբլն իր «Դատաստանագրքում» հատուկ ուշադ րություն է դարձնում այդ հարաբերություններին` բազմաթիվ հոդվածներ նվիրելով դրանց: Դրանք կարող էին նպաստել ընտանեկան հարաբերությունների կայունությանը, որը պետության ամրության կարևոր գործոն էր:

Ընտանիքի կենտրոնը («գլուխը») հայրն էր: Վերջինս կարևոր դեր ուներ երեխաների խնամքի, կրթության, պաշտպանության և դաստիարակության գործում: Երեխաների բարոյական և կրոնական դաստիարակությամբ, սակայն, հիմնականում զբաղվում էր մայրը, հատկապես գյուղական վայրերում։ Ինչպես աշխարհի շատ մասերում ապրող կանայք, այնպես էլ Կիլիկյան Հայաստանի կանայք պետք է վերահսկեին տնային տնտեսությունը և հոգ տանեին երեխաների մասին:

Կիլիկյան Հայաստանում ամուսնությունները հիմնականում կատարվում էին ամուսնական տարիքի հասած անձանց համաձայնությամբ։ Պատժվում էին այն քահանաներն ու ծնողները, որոնք երիտասարդներին հարկադրում էին ամուսնանալ՝ հակառակ իրենց կամքի: Ըստ եկեղեցական կանոնի՝ ամուսնանալիս փեսացուն պետք է լիներ ոչ պակաս, քան 14 տարեկան, իսկ հարսնացուն՝ առնվազն 12 տարեկան: Հարկավ, լինում էին դեպքեր, երբ քաղաքական նկատառումներից ելնելով` չէր պահպանվում ամուսնանալու համար օրենքով սահմանված նվազագույն տարիքը, կամ հաշվի չէր առնվում ամուսնացողների կամքը:

Ծնողները պարտավոր էին կերակրել և դաստիարակել երեխաներին` մինչև նրանց չափահաս դառնալը, կամ մինչև երեխաներն ի վիճակի կլինեին ինքնուրույն ապրել։ Երեխաներն էլ, իրենց հերթին, պարտավոր էին հնազանդվել ծնողներին:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ առանձնահատկություն ունեին Կիլիկյան Հայաստանի սոցիալ–տնտեսական կառույցները: Ինչպիսի փոփոխությունների ենթարկվեցին արքունիքին կից գործակալությունները:

Համադրում (Հայ/Եվրոպա/Բյուզանդիա), Եվրոպականացում

2. Ինչո՞վ էր պայմանավորված տարանցիկ առևտրում Կիլիկյան Հայաստանի դերը:

Միջնորդ դիրք

3. Ինչպես էին կարգավորվում արքայի և արքունի գործակալների հարաբերությունները:

Արքան գերագույն

4. Ի՞նչ քայլերի դիմեցին Կիլիկյան Հայաստանի թագավորները՝ ներքին և արտաքին առևտուրը խթանելու համար:

Դրամ, պայմանագիր, արտոնություն

5. Ինչո՞ւ էր կարևոր Կիլիկյան Հայաստանի համար ծովափնյա քաղաքների առկայությունը:

Տարանցիկ առևտուր

6. Ի՞նչ առանձնահատկություն ունեին ամուսնաընտանեկան հարաբերությունները Կիլիկյան Հայաստանում:

Համաձայնություն, հարկադրանքը՝ պատիժ